Մոսկվայում Կրեմլին մերձակա «Բոլշոյ կամեննի» կամրջի վրա, ժամը 23:40-ին սպանվել է 55-ամյա ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը: Տարբեր տեղեկություններով՝ սպիտակ մեքենայից նրա վրա է արձակվել չորսից յոթ գնդակ՝ թիկունքից կամ դիմահար: Իրավապահները որոնում են հանցագործին։
Նեմցովի քաղաքական զինակից, ՌԴ նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովը ասել է, որ ցնցված է այդ ողբերգական լուրից։ Բորիս Նեմցովը ընդդիմադիր լինելով՝ վերջին ամիսներին քննադատում էր ՈՒկրաինայի հարցում ՌԴ նախագահի քաղաքականությունը` պնդելով, որ Պուտինը բռնակցել է Ղրիմը։
Այդ մասին նա ասել է սպանությունից մի քանի ժամ առաջ` «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում: Նեմցովի փաստաբանը ասել է, որ վերջին շրջանում ընդդիմադիր գործիչը սպառնալիքներ է ստացել անհայտ անձանցից, այդ թվում` սոցիալական ցանցերում ՝ «Մենք անգամ դիմել ենք իրավապահ մարմիններին, սակայն, անարդյունք»:
Բորիս Նեմցովը հասարակական «Солидарность» շարժման և РПР-ПАРНАС կուսակցության համահիմնադիրն էր: Քաղաքական կարիերան սկսել է իբրև Նիժնի Նովգորոդի նահանգապետ 1991-ին, եղել է ՌԴ էներգետիկայի, վառելիքի նախարար, 1997-ին՝ առաջին փոխվարչապետ, ՌԴ ԱԽ անդամ: 1999-2003 թթ. Պետդումայի պատգամավոր էր: 2013 -ին ռեգիոնալ ընտրություններում ընտրվել էր Յարոսլավլի մարզի պատգամավոր: ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը քաղաքական գործչի սպանությունն անվանել է սադրանք: «Այն միջոցառումների համապատկերում, որոնք առաջիկա օրերին ծրագրում է ընդդիմությունը, հուզական հագեցած մթնոլորտում՝ ուկրաինական դեպքերի հետ կապված, իհարկե, սպանությունը լիովին կարող է դիտվել իբրև սադրանք» «Коммерсант FM»-ին տված հարցազրույցում ասել է Պեսկովը և հավելել. «Ակնհայտ է, որ Բորիս Նեմցովն ընդդիմադիր էր, ակնհայտ է, որ նա բավականին սերտ կապեր ուներ տարբեր մարդկանց հետ Կիևում, ուր հաճախ էր լինում, դա գաղտնիք չէ, բոլորը գիտեն»: «Ինչպե՞ս սպանությանը կարձագանքի Արևմուտքը» հարցին ՌԴ նախագահի մամլո քարտուղարը պատասխանել է. «Այս պարագայում կարևոր չէ, թե ինչ կմտածեն Արևմուտքոմ, կարևոր է սպասել հետաքննության արդյունքներին և միանալ Բորիս Նեմցովի հարազատներին ու մտերիմներին ցավակցություններին, որ հայտնել է ՌԴ նախագահը»: Սպանության պահին Բորիս Նեմցովի հետ է եղել ուկրաինուհի մոդել Աննա Դուրիցկայան, առայժմ նրա վկայության մասին տեղեկություններ չկան:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սպանությունն անվանել է պատվիրված և սադրիչ: Նրա հանձնարարությամբ ստեղծված քննչական խմբում ընդգրկվել են իրավապահ համակարգի լավագույն մասնագետներ, հետաքննությունը անձամբ վարում է ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը: Վարկածներ են առաջադրվել քաղաքական գործունեության, բիզնես-անցյալի, անձնական թշնամության մոտիվներով: Արդեն խուզարկվել է նրա բնակարանը, առգրավվել են բոլոր փաստաթղթերը, համակարգիչը՝ պարզելու համար նրա շփումները, որոնք կարող են օգնել սպանության բացահայտմանը, առաջիկայում կհարցաքննվեն հարևանները ևս՝ նույն նպատակով: Մոսկվայում հայտարարված է որոնում, ոստիկանությունը պարզել է, որ կրակել են «Ֆորդ» մոդելի «Ֆոկուս» կամ «Մոնդեո» մեքենայից, հայտնի է նաև համարանիշը:
Ընդդիմությունը հրաժարվում է Մոսկվայի հարավ-արևելքում «Գարուն» ակցիայից, որ ծրագրված էր մարտի 1-ին և մտադիր է սգո քայլերթ կազմակերպել՝ ի հիշատակ Բորիս Նեմցովի՝ Twitter-ում գրել է ակցիայի կազմակերպիչ Լեոնիդ Վոլկովը: РПР-Парнас կուսակցության նախագահ Միխայիլ Կասյանովը ևս հաստատել է, որ Նեմցովի սպանությունից հետո չեղյալ է հայտարարվում Մոսկվայի քաղաքապետարանի հետ համաձայնեցված հանրահավաքը: